Իշխանության գալուց հետո ՔՊ-ի շարքերն համալրելու ցանկություն է հայտնել 9000 քաղաքացի, բայց կուսակցությունում չեն շտապում դիմումները հաստատել:
ՔՊվարչության անդամ, Աժ փոխնախագահ Լենա Նազարյանը գտնում է, որ դիմումատուների նպատակն այլ է. «Մտածում են, որ դա ինչ-որ առավելություններ է տալու իրենց պետական աշխատանքի անցնելու կամ առհասարակ ինչ-որ արտոնություններ են ունենալու: Նման բան չի կարող լինել և մինչև հիմա մենք չենք հաստատել այդ դիմումները: Շատ հեշտ էր․ ընդամենը վարչության նիստի ժամանակ բոլոր դիմումները հաստատել և տեղեկացնել այդ մարդկանց»:
ՔՊ-ն չի գնալու ՀՀԿ-ի ճանապարհով․ գլխաքանակ ապահովելու համար դիմումներ չեն հաստատվի․ «Չեմ կարծում, որ մենք կընդունենք բոլոր այն մարդկանց, ովքեր դիմում են ներկայացրել: Մենք չենք ուզում մեր կազմում ներառել մարդկանց, որոնք պարզապես սովոր են լինել օրվա կուսակցության կազմում»: Լենա Նազարյանը վստահեցնում է, որ իշխանություն լինելով, չեն կուսակցականացնի պետական կառավարման համակարգը, ինչպես նախորդ իշխանությունները․ «Մենք ուզում ենք կուսակցությունը համալրել բացառապես գաղափարական մարդկանցով, որոնք հասկանում են ինչ է կուսակցությունը, ինչի համար է կուսակցությունը և ցանկանում են ներգրավվել պետական համակարգում, քանի որ ունեն կարողություններ, գիտելիք, փորձ, և ուզում են մատուցել իրենց ծառայությունը, կամ պարզապես ուզում են լինել կուսակցությունում, ֆինանսավորել կուսակցությունը և վերահսկել կուսակցությունը»: