Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել ԱԱԾ: Օրեր առաջ բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարեց, որ ՊՎԾ աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զառշեն» ընկերությունը, որը վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված: Արսեն Թորոսյանը հաստատել է, որ իր դիմումը վերաբերում է բուժհաստատություններին դիալիզ մատակարարող ընկերությունների մրցույթին և «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարի բարձրաձայնած խնդրին: Ըստ էության, Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հնարավոր չարաշահումների մասին ԱԱԾ-ին տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:
«Խնդիրը բժշկական մի շարք կենտրոններում գնումների գործընթացի միջամտությանն է վերաբերում: Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են և նրանք են հիմնականում զբաղվել ապրանքների մատակարարմամբ: Այս պահին դիալիզ ստացող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից և ոչ մի ձևով որակը չի զիջում նրանց, որոնց համար նախատեսված են այդ սարքերը», - ասել է Թորոսյանը: Լրագրողի հարցին՝ հիվանդների առողջությանն ինչո՞վ էր վնասելու, որ Ձեզ ստիպել է դիմել ԱԱԾ, Թորոսյանը պատասխանել է. «Խոսքը այդ սարքավորումների վրա օգտագործվող ծախսանյութերի և փոփոխվող մասերի մատակարարման մասին է, մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից: Սարքերի տեխնիկական սպասարկման անընդհատության խնդիր ունենք»: