ԲՀԿ-ն և ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել` հայտնում է «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը: Փաստաթուղթը ստորագրել են «Եդինայա Ռոսիա»-ի քարտուղարի տեղակալ, ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը և ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Այդ արձանագրությունը մենք ստորագրել են մեր կուսակցությունների ղեկավարության հանձնարարությամբ: Վերջին հաշվով՝ դա կնպաստի մեր երկրների համագործակցության ամրապնդմանը և ամբողջովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որ վարում է Ռուսաստանը և, հուսով եմ, Հայաստանը, այդ թվում նաև՝ միջազգային ասպարեզում»` ասել է Անդրեյ Կլիմովը:
Նա նաև նշել է, որ փաստաթուղթը կուսակցությունների համագործակցության բազա կապահովի՝ ուղղված հետխորհրդային ամբողջ տարածքի զարգացմանը, հանուն խաղաղության և անվտանգության: Կլիմովն առաջարկել է ապրիլին շարունակել երկխոսությունը կուսակցությունների միջև: Մելքումյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում պահպանվում են ռուսամետ տրամադրությունները: «Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը առաջնահերթություն է, մեր ռազմավարական մոտեցումն է: Մեր կուսակցության հիմնական մոտեցումներից մեկը և՛ եվրասիական, և՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ամբողջական ինտեգրումն է», - ԲՀԿ փոխնախագահի խոսքերն է փոխանցում «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը:
Միքայել Մելքումյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում: