Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Զագուլբա» նախագահական պալատում կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հիմնական առաջնահերթությունները: «Մեր երկրները բարեկամության մեծ պատմություն ունեն, մեզ շատ ավանդույթներ են կապում, մենք ժամանակակից կյանքը միասին ենք սկսել: 100 տարի առաջ մենք միասին անկախություն ձեռք բերեցինք, միասին էլ վերապրեցինք դրա կորուստը…Վերջին տարիներին մենք համանման դժբախտություններ ենք վերապրել»,- ասել է Վրաստանի նախագահը:
Զուրաբիշվիլին հաղթանակ է համարել, որ չնայած «օկուպացված տարածքների պատճառած դժբախտություններին», երկու պետությունները կարողացել են զարգացնել սեփական տնտեսությունը և պահպանել անկախությունը:
Ալիևը կարևորել է Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան՝ վստահություն հայտնելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում: «Ադրբեջանն ու Վրաստանը մտերիմ բարեկամներ ու եղբայր պետություններ են, որ դարեր ի վեր աշխատում են բարիդրացիական մթնոլորտում: Մեր հարաբերությունները զարգանում են, մենք համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: