ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանին ընդունել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին

Նիկոլ Փաշինյանին ընդունել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին
28.02.2019 | 13:22

Պաշտնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ կնպաստի երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վերջին անգամ Իրանի Մեջլիսում եղել է ԱԺ պատվիրակության այցի շրջանակում, որից պահպանում է ջերմ և հաճելի հիշողություններ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխըմբռնման մթնոլորտում: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսական համագործակցության ամրապնդումը և այդ գործում կարևորել նաև երկու երկրների խորհրդարանների կապերի ընդլայնումը:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի գործունեության, փոխադարձ այցերի, խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունների հետագա ամրապնդմանն իր նպաստն է բերում օրենսդիր մարմինների համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման արդյունքներից՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում, որ նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:


Ալի Լարիջանին ընդգծել է, որ Իրանի խորհրդարանը դրական է տրամադրված հարաբերություններն ընդլայնելու հարցում: Նրա խոսքով` կան փոխգործակցությունը զարգացնելու մեծ հնարավորություններ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Այս համատեքստում նշվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագրի կարևորությունը և փաստաթղթի վավերացումը խորհրդարաններում: Կողմերը կարևորել են նաև զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության խթանումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ:

Դիտվել է՝ 330

Մեկնաբանություններ