ՊՎԾ ձերբակալված պաշտոնյաներն են ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը: Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը ասել է, որ իր պաշտպանյալը կասկածվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը ծանր հետևանքներ է առաջացրել: «Սամվել Ադյանը չի ընդունում մեղադրանքը: Իր ասածն եմ ասում, ինքը՝ որպես վարչության պետ, իր աշխատակիցների հետ փորձել է շուկայում օրինականություն և արդարություն հաստատել: Այսինքն՝ հավասար պայմաններ ապահովել բոլոր ընկերությունների համար, որպեսզի մի ընկերություն մենաշնորհ չունենա, որը եղել է տարիներ շարունակ: Եվ այս ամենը շուռ է եկել իրենց դեմ»,- ասել է Դավիթ Մնացականյանը:
Գևորգ Խաչատրյանը ևս կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Գևորգ Խաչատրյանի պաշտպան Արման Արզումանյանի խոսքով՝ Խաչատրյանը ևս իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում: Պաշտպանների կողմից Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք մերժվել են: Գործով կա նաև 3-րդ ձերբակալված անձ՝ Տարոն Ավետիսյանը, որ «Զորաշեն» ՍՊԸ ներկայացուցիչն է: Տարոն Ավետիսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հաստատել է ձերբակալման տեղեկությունը. «Ձերբակալված է, ուղղակի հիմա շատ չեմ կարող խոսել, քննչական գործողություն է կատարվում»: