Եկատերինբուրգում բնակվող Գևորգ Ավետիսյանին, որը հունվարին այրվող տնից 3 երեխաների էր դուրս բերել, ընտանիքի հետ վտարել են բնակարանից՝ պարզաբանելով, թե նրանք այնտեղ բնակվելու իրավունք չունեն, գրում է РИА Новости-ն: Թաղապետարանից հայտնել են, որ տարածքը, որտեղ բնակվել է Ավետիսյանների ընտանիքը, քաղաքապետարանի սեփականությունն է:
Ավետիսյանը կնոջ և 5 երեխաների հետ բնակվել է Եկատերինբուրգի Լենինյան շրջանում գտնվող փայտե միհարկանի տնակում: Գևորգը պատմել է գործակալությանը, որ տունը կիսավեր վիճակում է, մի անգամ հրդեհվել է, ապա վերանորոգվել, և ընտանիքը շարունակել է ապրել այնտեղ: «Հետո տունը պետք եկավ քաղաքապետարանին... Թղթերը ձեռքներին եկան՝ խնդրելով ազատել տարածքը: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք, որից հետո նրանք դատարան դիմեցին, շահեցին դատն ու վռնդեցին մեզ: Մենք էլ մեր հերթին բողոքարկեցինք որոշումը շրջանային դատարանում, սակայն որոշումը կայացվեց հօգուտ իշխանությունների»,- ասել է Ավետիսյանը: Տունը Գևորգի կնոջ՝ Տատյանայի պապին է հանձնվել «Սվերդլեսմաշ» ձեռնարկության կողմից, որից հետո ընտանիքի անդամները հաստատվել են այնտեղ: 2016-ին դատարանը ճանաչել է Տատյանայի և իր ժառանգների՝ տանը բնակվելու իրավունքը, սակայն «կացարանում բնակվելու օրինական հիմքերի բացակայության պատճառով» մերժել ընտանիքի հետ սոցիալական վարձույթի պայմանագրի կնքումը: 2018-ին դատարանը բավարարել է քաղաքային իշխանությունների հայցը՝ որոշումը հիմնավորելով կացարանից օգտվելու իրավունքն ապացուցող փաստաթղթերի բացակայությամբ:
Գևորգն ասել է, որ իրենց բնակարանն ազատելու համար ժամանակ չեն տրամադրել և մերժել են ընտանիքին կարիքավոր ճանաչելու դիմումը: «Մեզ ասում են, որ պաշտոնապես հողակտոր կհատկացնեն, 6 տարի է՝ հերթի մեջ ենք, ու դեռ ոչինչ չեն տվել: Ասում են՝ դուք Ռուսաստանի քաղաքացի չեք: Բայց չէ՞ որ դա երեխաների համար է, ոչ թե ինձ համար»,- հավելել է նա: Հունվարին Գևորգ Ավետիսյանը հրդեհի ժամանակ այրվող տնից 3 երեխայի էր փրկել: Ցուցաբերած խիզախության համար տղամարդուն շնորհակալական նամակ էին հանձնել և կրակմարիչ նվիրել: