Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան: ՀՀ կառավարության ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ այսօր առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան: Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր կառույցներ:
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում և «Քեսարիեհ Բազարի»-ում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը: Նիկոլ Փաշինյանն Աբաս Ռեզայիի հետ աշխատանքային ճաշի ընթացքում կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի համագործակցությունը, որին կնպաստեն փոխադարձ այցերը, բարեկամական կապերի ստեղծումը, գործնական քայլերի իրականացումը: Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում: