Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի փոխել իր դիրքորոշումը և պնդելու է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում չկիրառվի: «Ես մեկ անգամ արդեն ասել եմ և պնդում եմ իմ ասածները», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վալերի Օսիպյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը: «Ով ուզում է լինի, ոստիկանությունը գործելու է օրենքի շրջանակներում, և ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում տիրապետում է իրավիճակին: Եթե մի քանի հոգի փողոց են փակում, և ոստիկանությունը միանգամից չի բացում այդ փողոցը, չի նշանակում, թե չի կարող: Մենք կարող ենք հաշված րոպեների ընթացքում բացել այդ փողոցը, վերականգնել երթևեկությունը: Վստահեցնում եմ ձեզ՝ ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ ցանկացած քաղաքացու պարագայում, եթե որևէ մեկը կարգ խախտի, կարժանանա գնահատականի, օրենքի սահմաններում գնահատականի», - հավելեց ՀՀ ոստիկանապետը: Հարցին, թե տեղեկություն ունե՞ն, ծրագրվում է փողոցնե՞ր փակել, Օսիպյանը պատասխանեց. «Ոստիկանությունն ունի շատ-շատ ինֆորմացիաներ, որոնք ձեռք են բերվել օրենքի սահմաններում, դրանք հրապարակման ենթակա չեն: Այո, մենք տիրապետում ենք»:
Այդ հարցի մասին այլ տեղեկություններ ոստիկանապետը չփոխանցեց և միայն ընդգծեց. «Որևէ մեկը եթե փորձի կարգ խախտի, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն կատարի, կարժանանան կոշտ գնահատականի՝ օրենքի սահմաններում»: