Երևանի քաղաքապետարանը ողջամիտ ժամկետներում նախատեսում է քննարկումներ կազմակերպել մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալու նրանց ներկայացված պահանջներին՝ ազատել վարձակալության հիմունքներով իրենց տրամադրված տարածքները` ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն՝ անդրադառնալով լրագրողական մի շարք կազմակերպությունների պահանջին՝ նախաձեռնել քննարկումներ և բանակցություններ լրատվամիջոցների ղեկավարների հետ։
«Քաղաքապետարանի սկսած գործընթացի հիմքում հենց եղել է Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործունեություն իրականացնող բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ քննարկումը՝ վարձակալության կամ տարածքի օգտագործման չափորոշիչները մշակելու և բոլորի համար հավասար պայմաններով իրավահարաբերությունը շարունակելու համար», - ասաց Հակոբ Կարապետյանը։
Երևանի քաղաքապետարանը քննարկումներ կնախաձեռնի միայն Բուզանդի 1/3 հասցեում գործունեություն ծավալող ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, իսկ ահա Իսահակյան 28 և Արշակունյաց 2 հասցեներում տեղակայված լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ ոչ, քանի որ նշված շենքերը քաղաքապետարանի սեփականությունը չեն։