ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը նոր ղեկավար ունի։
Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ գրասենյակի ղեկավարի պարտականությունները կստանձնի Մերի Հարությունյանը։
«2010-ին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին այդ պատվաբեր հնարավորությունն ինձ ընձեռելու համար: Այժմ եկել է իմ բուն մասնագիտությամբ և կյանքի գործով նորից զբաղվելու ժամանակը: Ցանկությունս է վերադառնալ դիվանագիտական ծառայություն՝ գիտելիքս և փորձս ՀՀ ի սպաս դնելու համար: Այս հարցը քննարկել եմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ` խնդրելով ազատել ինձ գրասենյակի պատասխանատուի աշխատանքից:
ՀՀ երրորդ նախագահի որոշմամբ իր գրասենյակի պատասխանատուի պարտականությունները կստանձնի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ ունեցող իմ գործընկեր Մերի Հարությունյանը», - Facebook-յան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը` Սերժ Սարգսյանի գրասենյակի արդեն նախկին ղեկավարը: