«Փաստը» գրում է. «ԵՊՀ-ում ընթացող խմորումները, հատկապես այն, որ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգը չհաստատվեց, ու նիստը հետաձգվեց, առաջացրել է վարչապետի և հատկապես ԿԳ նախարարի զայրույթը:
Առաջիկայում նոր, ավելի լայն թափով գործընթացներ են սպասվում: Ամեն ինչ արվելու է ռեկտորի հրաժարականին հնարավորինս արագ հասնելու համար: Ինչ վերաբերում է թեկնածուներին, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից բացի, ակտիվորեն շրջանառվում է նաև ԿԳ նախկին փոխնախարարի, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, որ ժամանակին համարվում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի հիմնական թեկնածուներից մեկը:
Հովհաննիսյանը ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ է, սակայն ի սկզբանե իշխանությունները, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, խոստացել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Հիմա արդեն ուզում են «կոմպենսացնել»՝ խոստանալով ԵՊՀ ռեկտորի հաստիքը: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի ԵՊՀ կանոնադրության՝ վաղուց մտադրված փոփոխությունը, ըստ որի՝ դոկտորի գիտական կոչման պարտադիր լինելու հանգամանքը, որը գործում է այսօր, վերանալու է, և գիտությունների թեկնածուի կոչումով հնարավոր կլինի զբաղեցնել ռեկտորի պաշտոնը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ համալսարանում, այդ թվում՝ հոգաբարձուների խորհրդում շատերը դեմ են այս թեկնածությանը, ինչն էլ երեկվա ձախողման պատճառներից մեկն է»: