ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով

Եվրախորհրդարանում կանցկացվի հայատյացության թեմայով համաժողով
01.03.2019 | 15:51

Եվրոպական խորհրդարանում մարտի 6-ին կանցկացվի «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողով` ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ: Համաժողովը հյուրընկալում է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարիուսը: Հիմնական զեկուցողներն են թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքօլուն, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին: Միջոցառմանը մասնակցելու են Եվրախորհրդարանի պատգամավորներ, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հարութ Շիրինյանը համոզված է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ հայտյացության քաղաքականության մասին պետք է տեղեկացված լինի միջազգային հանրության ավելի լայն շրջանակ:


«Չմոռանանք, որ հայատյացության այն դրսևորումները, որոնց ականատեսն ենք լինում, տեղի են ունենում Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների առաջնորդությամբ: Ադրբեջանում տարիներ շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից սկսած հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, վերջերս Լոս Անջելեսում հայկական որոշ դպրոցների վրա թուրքական դրոշներ, Պոլսո հայկական եկեղեցու պատերին ատելության խոսք պարունակող հակահայ գրություններ հայտնվեցին և այլն: Այս ցանկն անվերջ կարելի է շարունակել: Մեր նպատակն է բարձրացնել հարցը միջազգային հաստատություններում, որպեսզի նախ և առաջ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը, հասկանան, թե այս ամենը շարունակվելու դեպքում ինչ հետևանքների կարող է հանգեցնել, և ի վերջո, որ իրենց դատողությունները ճիշտ ինֆորմացիայի վրա հիմնված լինեն»,-ասաց Հարութ Շիրինյանը: Համաժողովին հիմնական զեկուցողներից Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նշեց, որ ինքը և Ռուբեն Մելիքյանը ներկայացնելու են ամբողջությամբ փաստերի վրա հիմնված տեղեկություններ: Ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու 2018-ի սեպտեմբերին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած հայատյացության զեկույցի բովանդակությանը: Դրանից բացի, ներկայացվելու են ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված հայատյացության դրսևորումները:


«Ամբողջ փաստերը հավաքագրված են և մեկտեղված են զեկույցներում: Համաժողովի մասնակիցներին կներկայացվի, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը: Օրինակ, դպրոցներում, մանկապարտեզներում հայատյացության համատարած քարոզը: Այն, որ Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների ելույթներում կարմիր գծով անցնում է հայատյացության քաղաքականությունը: Այս թեզն է առաջ տարվում՝ բոլոր հայերը թշնամիներ են, հայ սպանելը հերոսություն է»,-ասաց Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, հայատյացության հստակ օրինակ են 2016-ի ապրիլյան իրադարձությունները, ադրբեջանցի զինվորականների վայրագությունները, գլխատման դեպքերը, քաղաքացիական անձանց խոշտանգումները, հայկական դպրոցները թիրախավորելը: Դրանից հետո կոնկրետ ռազմական հանցագործություններ կատարած անձանց Ադրբեջանի ղեկավարության կողմից պարգևատրելը, նրանց հերոսացնելը և այլն:

«Բացի փաստերից, ներկայացնելու ենք հայտյացության քաղաքականության հիմքերը, դրա հետևանքներ, պոտենցիալ վտանգները: Նման քննարկումները շատ կարևոր են, եվրոպացի գործնկերները պետք է փաստերով տեսնեն, թե Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում: Ներքին զրույցներում նրանք ևս կարևորում են նման զեկույցների պատրաստումն ու հրապարակումը»,-հավելեց Արտակ Բեգլարյանը:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ