Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում ԵԱՏՄ-ի հետ, որն ավելի ու ավելի շատ է քաղաքականացվում:
«Անկեղծ ասած, մեծ հույսեր չեմ փայփայում ԵԱՏՄ-ի առումով: Չափազանց շատ են լարվածությունները, չափազանց շատ են տարաձայնությունները և, որ, հավանաբար, բնավ ընդունելի չէ, ԵԱՏՄ-ն սկսում է ավելի ու ավելի շատ քաղաքականացվել»,-ասել է Լուկաշենկոն մարտի 1-ին Մինսկում հասարակայնության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ այժմ ԵԱՏՄ-ում «հսկայական քանակությամբ բացառություններ են գործում առևտրում, կան տարաձայնություններ»: «Ցավալի է, որ մենք հաճախ որոշումներ ենք ընդունում, բայց դրանք չենք կատարում: Իսկ եթե ներկայացնում էլ ենք այս կամ այն խնդրի լուծման ինչ-որ խելամիտ առաջարկություն, մինչ կընդունենք այն աստիճան ենք բովանդակազրկում, որ ոչ մի նշանակություն չի ունենում»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ «չափազանց շատ է ազգային էգոիզմը»: Բելառուսի նախագահը հավելել է, որ առանձնապես «ինչ-որ բեկման» հույս չի տածում նույնիսկ այդ միությունում Մինսկի նախագահության դեպքում, քանի որ «այնտեղ բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»: Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը ջանալու է առաջ մղել «ավելի խոր ինտեգրումը», բայց Բելառուսը հույսը պետք է դնի սեփական ուժերի վրա: