Բրիտանական The Guardian-ըը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Հոդվածագիրն ընդգծել է, որ 21-րդ դարի մշակութային բնաջնջման ամենամասշտաբային արշավն իրականացվում է ոչ թե Սիրիայում, այլ Կովկասյան բարձրավանդակի անտեսված շրջանում:
«Ամերիկյան Hyperallergic ամսագրում փետրվարին հրապարակված զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարում պարբերաբար ոչնչացրել է հայերի պատմական ժառանգությունն իր երկրի տարածքում: Մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնի ավերածություններին», - ասվում է հոդվածում: Հեղինակը նշում է, որ մշակութային ցեղասպանության ամենասարսափելի օրինակը Նախիջևանի տարածքում գտնվող Ջուլֆայի միջնադարյան հայկական խաչքարերի գերեզմանատան ավերումն է:
Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս միջազգային փորձագետներին, այդ թվում և ՅՈւՆԵՍԿՕ-ի մասնագետներին, թույլ չեն տալիս գերեզմանատան տարածք մտնել՝ պնդելով, որ Նախիջևանում երբեք հայեր չեն բնակվել: Հոդվածին կցվել է Սիմոն Մաղաքյանի «Արաքսի նոր արցունքները» կարճամետրաժ ֆիլմը, որում տեսարաններ են, թե ինչպես են քանդվում և ավերվում Ջուլֆայի խաչքարերը: