The Guardian-ը գրում է, որ Հանոյում Կիմ Չեն Ինի հետ երկօրյա հանդիպումն ապարդյուն՝ առանց համատեղ համաձայնագրի ավարտելու համար Թրամփը մեղադրել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենին, որը բանակցությունների օրը նախագահի դեմ վկայություն է տվել Կոնգրեսում: Թրամփի համոզմամբ՝ Կոնգրեսի դեմոկրատ անդամներն այդ օրը չպետք է հարցաքննության կանչեին Քոհենին:
«Այն, որ դեմոկրատները դատապարտված խաբեբա ու խարդախին բաց լսումների շրջանակում հարցաքննության են կանչել հենց այն նույն օրը, երբ Հյուսիսային Կորեայի հետ անչափ կարևոր միջուկային գագաթաժողովն էր, հավանաբար, ամերիկյան քաղաքականության մեջ նոր ստորություն է և դարձել է հանդիպումից իմ հեռանալու պատճառ»,-Twitter-ում գրել է Թրամփը՝ անդրադառնալով Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը նախատեսվածից շուտ ավարտելու քայլին:
Հանոյում Թրամփը նպատակ ուներ համոզելու հյուսիսկորեացի առաջնորդին «թեթևացնել» միջուկային զինանոցը՝ դրա դիմաց խոստանալով չեղարկել ամերիկյան պատժամիջոցների մի մասը: Մինչդեռ այդ ընթացքում Վաշինգտոնում միանգամայն այլ իրադարձություններ էին զարգանում. Քոհենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում խոստովանել է, որ նախագահն անցած 10 տարում իրեն ստիպել է մոտ 500 անգամ սպառնալիքներ հնչեցնել: Բացի այդ, նա նախագահին «սուտասան, ռասիստ» է անվանել: