Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Իտալիայի հետ տարաձայնությունները անցյալում թողնելու մասին. «Մենք տարբեր տարաձայնություններ ենք ունեցել, սակայն ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք դրանք թողնել անցյալում հանուն մեր ժողովուրդների, մեր պատմության և Եվրոպայի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը «Ռայի» հեռուստաալիքին հարցազրույցում: Մակրոնը մատնանշել է Փարիզի և Հռոմի հարաբերությունների բացառիկությունը:
«Շատ ֆրանսիացիներ սիրում են Իտալիան և շատ իտալացիներ սիրում են Ֆրանսիան և ֆրանսիացիներին: Սակայն հանկարծ մենք սկսեցինք մոռանալ, որ պետք է շարունակենք սովորել հասկանալ միմյանց: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև միշտ ընկերություն և սեր է եղել»,- հավելել է Մակրոնը:
Նա նշել է, որ մայիսի սկզբին Ֆրանսիայում կընդունի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելային, որ կժամանի Ամբուազ` Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Նրա խոսքերով, Մատարելայի հետ հանդիպման ժամանակ խոսելու են «ապագայի և Եվրոպայի մասին»: