ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետը Բելգիայում է

Վարչապետը Բելգիայում է
05.03.2019 | 00:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Մարտի 4-ի առավոտյան վարչապետն այցելել է Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մայրաքաղաք Լյուվեն, որը գտնվում է Բրյուսելից ոչ հեռու և համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Լյուվենի Կաթոլիկ համալսարանում նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Լյուկ Սելսը: Ողջունելով ՀՀ վարչապետին` ռեկտորը նշել է, որ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը, և Լյուվենի Կաթոլիկ համալսարանը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնել: Լյուկ Սելսը պատմել է, որ Կաթոլիկ համալսարանը ամենամեծ և ամենահայտնի համալսարանն է Բելգիայում, իրականացնում է կրթության և հետազոտությունների վրա հիմնված միջազգային ուղղվածության ծրագրեր:

Համալսարանի բոլոր ծրագրերը հիմնված են բուհի գիտնականների և պրոֆեսորադասախոսական կազմի նորարարական հետազոտությունների վրա: Նրա խոսքով` Կաթոլիկ համալսարանն ունի 14 մասնաճյուղ Բելգիայի 10 քաղաքներում և իրականացնում է կրթական և հետազոտական ծրագրեր գրեթե բոլոր ուղղություններով: Կրթությունը համալսարանում կազմակերպվում է 15 ֆակուլտետի, իսկ գիտահետազոտական աշխատանքը՝ առանձին բաժինների և հետազոտական խմբերի միջոցով: Ֆակուլտետները և բաժինները միավորված են 3 խմբում՝ հումանիտար և սոցիալական գիտություններ, բնագիտություն, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ և կենսաբժշկական գիտություն, խմբերից յուրաքանչյուրն ունի դոկտորական դպրոց որակավորման ծրագրերով: Վարչապետին ներկայացվել է Լյուվենի հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ծրագրերը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատիվ է հյուրընկալվել աշխարհի հնագույն և միաժամանակ ժամանակակից համալսարաններից մեկում, որը 1425-ից գրեթե 6 դար շարունակ, խթանել է եվրոպական գիտության զարգացումը և համարվում է աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական մեծ բարեփոխումների փուլում, և կառավարությունը կրթությունը դիտարկում է տնտեսական հեղափոխության հաջողության կարևորագույն գործիքներից մեկը:

«ՀՀ կառավարության կրթական քաղաքականության նպատակն է կրթության և հետազոտության գործուն կապի ապահովումը: Մենք ցանկանում ենք իրական բարեփոխումներ իրականացնել կրթական համակարգում և այս համատեքստում կարևորում ենք փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումն աշխարհի առաջատար և նորարարական կրթական ու գիտահետազոտական հաստատությունների հետ», - նշել է վարչապետը` գոհունակություն հայտնելով Կաթոլիկ համալսարանի համագործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում փոխգործակցության հնարավորությունների հարցեր:


Լյուվենի Կաթոլիկ համալսարանից վարչապետ Փաշինյանն ուղևորվել է «IMEC» (Interuniversity Microelectronics Centre) գիտահետազոտական կենտրոն` գործունեությանը ծանոթանալու և համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը վարչապետին է ներկայացրել «IMEC»-ի ծրագրերը` նշելով, որ կենտրոնը մասնագիտացած է միկրո, նանոէլեկտրոնիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտում գիտական հետազոտությունների, նոր սերնդի սարքավորումների ստեղծման հնարավորությունների ուսումնասիրության ուղղությամբ: Նա նշել է, որ «IMEC»-ն ունի 4000 աշխատակից և գործունեություն է ծավալում Նիդեռլանդներում, Թայվանում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնի կիսահաղորդիչների մաքրման լաբորատորիայում:


ՀՀ վարչապետի այցի հաջորդ կանգառը Լյուվենի «Առողջության կենտրոն»-ն էր, որը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի և «IMEC» գիտահետազոտական կենտրոնի համատեղ ծրագիրն է: Նիկոլ Փաշինյանը կենտրոնի տնօրեն Իզաբել Ֆրանսուայի ուղեկցությամբ շրջայց է կատարել ցուցադրությունների սրահում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը, նպատակներին: Իզաբել Ֆրանսուայի խոսքով` «Առողջության կենտրոնը» եզակի փորձարարական հաստատություն է, որի այցելուները կարող են տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ առողջապահության ապագային: ՀՀ վարչապետին ներկայացվել է, թե ապագայում տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությունը, եռաչափ մոդելավորումը, կրիչները և նանոտեխնոլոգիաները ինչ ազդեցություն են ունենալու առողջապահության վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լյուվենի Կաթոլիկ համալսարանի ռեկտորին, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահին, «Առողջության կենտրոնի» տնօրենին տեղեկացրել է, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և հրավիրել Երևան` մասնակցելու Կոնգրեսին: Այցի ավարտին ստորագրվել են Փոխըմբռնման հուշագրեր բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ գործակցության զարգացման վերաբերյալ:
ՀՀ վարչապետի ներկայությամբ նախ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջև: Փաստաթուղթն ստորագրել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի գլխավոր քարտուղար Ֆրեդի Էվանսը:


Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև` ստորագրել են «IMEC» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Լյուդո Դեֆերմը և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Հուշագրերի համաձայն՝ կողմերը համագործակցություն կծավալեն բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ