Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում Եվրոպայի անվտանգության խորհրդի ստեղծումը, որում կընդգրկվի նաև Մեծ Բրիտանիան: Նրա հոդվածում, որը երեքշաբթի հրապարակել են եվրոպական խոշորագույն ԶԼՄ-ները, նշված է, որ այդ խորհուրդը «Եվրամիության հավաքական որոշումներ կնախապատրաստի պաշտպանության ոլորտում»: Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ խորհրդի գործունեությունը պետք է հենվի «պաշտպանության և անվտանգության մասին պայմանագրի» վրա, որում կսահմանվեն ԵՄ-ի երկրների պարտականությունները՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշնակիցների հետ կապերի հաշվառմամբ:
Այդ պարտավորությունները միտված կլինեն ռազմական ծախսերի ավելացմանը, պայմանագրը նաև դրույթ կներառի պաշտպանության բնագավառում փոխադարձ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, եթե այս կամ այն երկիրը ենթարկվի հարձակման: