Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին վրդովեցրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի վարքագիծը, և նա այսօր ԱԺ ամբիոնից իր ներկայացրած օրինագծին անդրադարձավ կարճ, ելույթի մեծ մասը նվիրելով ՔՊ-ի գործընկերոջը։ Պետրոսյանը նախ ասաց, որ իր ու կուսակից գործընկերների «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով առաջարկում են Հայաստանում զարգացնել անկախ արհեստակցական միությունների ինստիտուտը։
«Նախագծի նպատակն այն է եղել, որ Հայաստանում վերջապես ունենանք անկախ արհեստակցական միություններ։ Իսկ դրանք ունենալը ոչ թե իմ ցանկությունն է, որը հետաքրքրում է քչերին, այլ հազարավոր աշխատավորների, որոնք ստրկական վիճակում են գտնվում իրենց գործատուների մոտ։ Հիմա ի՞նչն է պատճառը, որ Աժ-ն համառորեն չի ուզում ունենալ անկախ արհեստակցական միություն», - ասաց պատգամավորը։ Նա անդրադարձավ Արեն Մկրտչյանի վարքագծին. «Հանձնաժողովի նիստին գալ ուշացումով, չլսել իմ զեկույցը, որևէ բառ չարտասանել նախագծի վերաբերյալ ու դուրս գալ հարցազրույց տալ ու ասել, թե այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության տակ պահելն է»:
Պետրոսյանն ասաց, թե ուսումնասիրել է 26-ամյա Արեն Մկրտչյանի կենսագրությունը ու հավելեց, որ ինքն էլ 23 տարի պետական կառավարման համակարգում է աշխատել, 23 տարի էլ զբաղվել է աշխատողների իրավունքների դատական պաշտպանությամբ։ «Այդ ո՞նց եղավ, որ ես վեր կացա ու աշխատողների շահերը տոտալ հսկողության տակ դնող նախագիծ հեղինակեցի։ Անընդհատ խոսվում է հանդուրժողականության, սիրո մասին, բայց սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը», - հարցրեց պատգամավորը ու հորդորեց հարգանքով վերաբերվել միմյանց։ Գևորգ Պետրոսյանի ներկայացրած օրինագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց. «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց, ԲՀԿ և ԼՀԿ կողմ ձայները չբավարարեցին (36 կողմ, 53 դեմ, 3 ձեռնպահ)։ Օրինագծին բացասական եզրակացություն էր տվել գլխադասային Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: