«Հոկտեմբերի 27»-ը հսկայական ողբերգություն էր մեր պատմության մեջ և համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա, իսկ պատմականի մեջ մտնում է նաև իրավականը»` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա Եռաբլուրում էր՝ մասնակցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի ոգեկոչման արարողությանը։
Նախագահը նշեց՝ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է։ «Այսօր ինչ-որ իմաստով տխուր օր է, բայց իրականում հսկայական ուրախության օր է՝ սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն և այդ հրաշք մանուկն իսկական հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն։ Այդ հրաշք մանուկը մեր 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Այսօր տոնում ենք իր ծննդյան 60-ամյակը, կնշենք նաև 70, 80, 90-ամյակները, բայց նա միշտ կմնա 40-ամյա երիտասարդ Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը», - ասաց նախագահը։