Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան հայցել ԵՄ երկրներից, քանի որ ԵՄ-ն Վրաստանը դիտարկում է որպես ապահով երկիր` Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման խորհրդի հինգերորդ նիստի ժամանակ: Հանը զգուշացրել է Վրաստանի քաղաքացիների` ազատ վիզային ռեժիմի չարաշահման վտանգի մասին և շեշտել, որ իրենք Վրաստանը դիտարկում են անվտանգ երկիր:
«2017-ի մարտից Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզաների մուտք գործել ԵՄ տարածք: Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ վրացիներ չարաշահում են այդ իրավունքը Եվրոպայում անօրինական մնալու համար», - նկատել է ԵՄ հանձնակատարը: Նա նշել է, որ վիզային ռեժիմի չեղարկումից հետո ԵՄ տարածք է մուտք գործել մի քանի հարյուր հազար վրացի, նրանցից միայն մի քանի հազարն են դիմում ներկայացրել ապաստան ստանալու համար: «Ցանկանում եմ կոչ անել ԶԼՄ-ներին օգտագործել իրենց հնարավորություններն ու հայտնել բնակչությանը, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,- ասել է Հանը: