Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել էՀայաստանում ԱՄԷ նորանշանակ դեսպան Մուհամմադ Իսա ալ Զաբիին: Աժ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը` ընդգծելով, որ առաջիկայում կձևավորվի ՀՀ-ԱՄԷ պատգամավորական բարեկամության խումբը:
Անդրադառնալով հայ-էմիրաթական հարաբերություններին` ԱԺ նախագահը առևտրատնտեսական փոխգործակցությունը խթանելու գործում ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Հայաստանի համար ԱՄԷ-ն կարող է պատուհան լինել Ծոցի երկրների հետ փոխգործակցության շրջանակներում, իսկ Հայաստանը ԱՄԷ-ի համար կարող է կամուրջ լինել ԵԱՏՄ երկրներ ու շուկաներ», - ընդգծել է Արարատ Միրզոյանը: Նա վստահեցրել է, որ Աժ-ն շարունակելու է արդյունավետ համագործակցությունը երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: ԱՄԷ դեսպանը ջանքեր կներդնի երկկողմ հարաբերությունների խթանման հարցում՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդների: Նա մեծապես կարևորել է ԱՄԷ-ի հայ համայնքի դերը երկու երկրների համագործակցության ամրապնդման գործում:
Կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին, առանձնացրել նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառները, խոսել գործարարության զարգացման ու ներդրումների իրականացման հարցում հնարավորությունների և ձևավորված բարենպաստ մթնոլորտի մասին: