Հեղափոխությունից հետո ակնկալվում էր, որ օլիգարխների, պաշտոնյաների ավելի լայն շրջանակ պիտի կանգներ դատարանի առաջ, բայց տպավորություն է, որ իրավապահները կենտրոնացած են մի քանի անձանց վրա, ԱԺ-ում հարց-պատասխանի ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը:
Նա նկատեց, որ որոշ դեպքերում մարդիկ տրամադրում են որոշակի նվիրատվություններ կամ ֆինանսական միջոցներ ու ազատվում են պատասխանատվությունից: «Ինչո՞ւ Սաշիկ Սարգսյանը 18.5-30 մլն դոլար պիտի նվիրաբերի պետությանը ու այս օրերին հանգիստը վայելի Իսպանիայում, ինչո՞ւ այս գործընթացներն ավելի թափանցիկ չեն կատարվում, որքանո՞վ է իրավաչափ արտադատարանական իրավակարգով նման բռնագանձումների պրակտիկան», - հետաքրքրվեց պատգամավորը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ մեկը վճարում է արել և ազատվել պատասխանատվությունից: Անդրադառնալով պնդմանը, թե ակնկալվում էր, որ ավելի շատ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեին՝ Փաշինյանն ասաց, որ այդ հարցն իրեն տրամաբանական չի թվում, քանի որ կառավարությունը հստակ թիվ չի դրել իր առաջ, թե քանի մարդու կառավարությունը պիտի ենթարկի պատասխանատվության: Փաշինյանն ընդգծեց, որ թեև նախաքննությունները հրապարակային չեն, բայց ինքն առնվազն շաբաթը մեկ անգամ հետաքրքրվում է, թե ինչ նորություններ կան: «Ես ինքս էլ այն իրավապահ մարմիններին, որոնց հետ աշխատանքն իմ լիազորությունների շրջանակում է, ասել եմ, որ այն ծավալներն ու տեմպերը, որ կան, ինձ չեն գոհացնում, որովհետև կարող է տպավորություն ստեղծվել, որ հեղափոխությունն էր, ոգևորվեցինք, ասեցինք, խոսեցինք, ու հիմա բոլորն արդեն անցնում են իրենց գործերին: Այս խնդրին ԱԺ ամբիոնից էլ անդրադարձել եմ: Այդ կապակցությամբ իրավապահ մարմիններին ունեմ հարցեր, և այդ հարցերը եթե ոչ ամենօրյա, շաբաթյա ռեժիմով տալիս եմ, բայց մյուս կողմից ինքս ինձ սահմանափակում եմ, որովհետև հասկանում եմ, որ ՀՀ վարչապետ եմ, դատախազ չեմ, քննիչ չեմ, օպերատիվ ծառայող չեմ և այսպես շարունակ: Բայց ինչպես նախկինում ասել եմ` ՀՀ ժողովրդից և պետությունից թալանված փողերը կոպեկ առ կոպեկ վերադառնալու են ՀՀ բյուջե, որոշ դեպքերում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ արվել են առաջարկներ, որոնք երբեք պատասխանատվությունից ազատվելու կամ խուսափելու հետ կապված չեն եղել», - ասաց Փաշինյանը: