Մայիսի 26-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան օրից ընդամենը 4 օր անց, Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա համերգ՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյեյի 95-ամյակին: «Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգ-հանդիպումը կանցկացվի Նիկոլյա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո: Նախագծի համահեղինակ, ֆրանսահայ պրոդյուսեր Հայկ Շահբազյանն ասաց` համերգի առաջարկը եղել է Հայաստանից՝ «ArmCentre Group»-ից. «Առաջարկը ստացել է գործընկերս՝ «Anna Karolina» փրոդաքշնի տնօրեն Աննա Կարոլինան, ում հետ երկար տարիներ է՝ համագործակցում ենք: Միասին արդեն հասցրել են բազմաթիվ նախագծեր իրականացնել, վերջինը Փարիզում «Armenian Europ Music Awards»-ն էր»: Շառլ Ազնավուրի երգերով բեմում կլինեն ճանաչված Պատրիկ Ֆիորին, Սլիմանը, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Քեյթ Ռայանը և այլք: Հայտնի երաժիշտներին կնվագակցի Հայասանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: