ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ֆինանսների նախարարի և փոխվարչապետի գրագրությանը, որը հրապարակել էր ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Ի՞նչ է այդ գրագրության մեջ ասված, ասված է՝ եթե պարզվի, որ 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք է այդ մարդկանցից ազատվել: Եվ սրան ՀՀԿ արձագանքն այն է, թե` այս ի՞նչ եք ասում: Այսինքն՝ նրանք խոստովանում են կառավարման համակարգի իրենց պատկերացումը: Էդ ինչ եք խոսում, ո՞նց, պետական կառավարման համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդ լինի՞: Այնտեղ մարդիկ են, ովքեր պետք է նստեն ու ոչ մի բան չանեն: Այդ արձագանքը շատ կարևոր է՝ հասկանալու համար, թե Հայաստանը 20 տարի ոնց է կառավարվել: Ինչ արդյունք ստեղծել, հո արդյունք ստեղծելով չեն կառավարվել՝ ծանոթ, ընկեր, բարեկամ, ընտրակեղծարար լցվել են ամբողջ պետական կառավարման համակարգ՚,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ինչ է անելու կառավարությունը, գերանդին առնելու և հնձելո՞ւ է պետական կառավարման համակարգը: «Ոչ իհարկե: Այս պրոցեսի արդյունքում ըստ էության կրճատումները կլինեն մինիմալ առնվազն կարճաժամկետ առումով; Եվ կկրճատվեն միավորվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողները»,- ասաց նա: Փաշինյանը օրինակ բերեց՝ նախարարության իրավաբանական վարչության պետ լինելը ենթադրում է, որ նա պետք է լինի բարձր որակավորում ունեցող: Դա նշանակում է, որ նա պետք է, որ աշխատանք գտնելու խնդիր չունենա, եթե կրկնվող գործառույթների հետևանքով ազատվի աշխատանքից: Նույնը, ըստ նրա, վերաբերում է հաշվապահական ծառայության ղեկավարին: «Մյուսները, չկրկնվող օղակներից մարդիկ այսօր չեն կրճատվի: Բոլորն առանց բացառության կստանան շանս՝ ապացուցելու, որ իրենք այս նոր պայմաններում պատրաստ են և կարող են նոր չափանիշներով աշխատել: Իսկ այդ չափանիշների մանրամասները մեկ-երկու րոպեի ընթացքում չեմ հասցնի ասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ այսօր խնդիր դրված չէ և երբեք էլ չի դրվի՝ ռեպրեսիվ ճանապարհներով գնալու: «Բայց ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ այսօր պետական կառավարման համակարգում մարդիկ կան, ովքեր ոչ մի բանով չեն զբաղվում, սպասում են, որ Մալբրի համակարգով ինչ-որ բան շրջանառվի, որ իրենք հանրապետական ղեկավարներին արագ ուղարկեն: Այս պատմությունը ցույց է տալիս ամեն ինչ, սա դիագնոզ է այն ամենին, ինչ ՀՀ-ում տեղի է ունեցել: Եվ ես ուզում եմ մեր հանրությանը մի խնդրանքով դիմել, մեկ էլ մեկն ասում է՝ վայ, բռնեք փախավ, վազում է այդ ուղղությամբ և բոլորը վազում են ադյ ուղղությամբ: Ես խնդրում եմ վազելուց առաջ մի պահ բոլորս կանգնենք ու հարցնենք՝ ով փախավ, ուր փախավ, ինչ ուղղությամբ և ինչու: Եվ կպարզվի, որ վազելու անհրաժեշտություն չկա, որովհետև ոչ մեկ էլ ոչ մի տեղ չի փախնում»,- ասաց նա: