Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը արդեն Ֆրանսիայի խորհրդարանի ձեռքում է և կվավերացվի մինչև ամառ` Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ պատասխանելով հարցին, թե երբ է Ֆրանսիան վավերացնելու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին և անդրադառնալով նրան, թե ինչ կարծիք ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, դեսպանը նշեց․ «Ֆրանսիայի համար կարևոր է, որ բանակցությունները շարունակվում են դրական մթնոլորտում և ճանապարհով, որը թույլ է տալիս առաջընթաց և խաղաղ կարգավորում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում»: Ճշգրտմանը, թե ինչ կարծիք ունի ԼՂ-ի՝ բանակցային գործընթացում ներգրավվելու մասին, նա պատասխանեց․ «Դա հարց է, որը պետք է քննարկվի բանակցությունների շրջանակում»: Ջոնաթան Լաքոտը մատնանշեց՝ հունվարին Փարիզում շատ դրական հանդիպում է եղել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, այնուհետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Երևան և Բաքու: «Հիմա մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այս ընթացքում, երբ խոսվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, Ադրբեջանում շարունակվում է նեգատիվ հռետորիկան, ինչպե՞ս պետք է շարունակվի գործընթացը, դեսպանը պատասխանեց․ «Մենք հույս ունենք, որ բանակցությունները դրական մթնոլորտում կշարունակվեն՝ առանց թշնամական հռետորիկայի որևէ կողմից»: