Կառավարության նիստում հաստատվեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը և կուղարկվի Ազգային ժողով: Նախարարությունների թիվը կրճատվեց 5-ով: 17-ի փոխարեն այսուհետ 12 նախարարություն կլինի, փոխվարչապետի երեք պաշտոնից էլ մեկը՝ առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նոր կառուցվածքը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն, Արտաքին գործերի նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Բարձր տեխնոլոգիաների արդյուբերության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Ֆինանսների նախարարություն»: Վարչապետն ասաց, որ նախարարությունների օպտիմալացմանը կադրային ջարդ չի հաջորդի, բայց կրճատումներն անխուսափելի են, փոփոխությունների ուղղությամբ գնալու են հանդարտ ճանապարհով․ «Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով, և ուզում եմ ասել, որ, ինչպես պարոն Զեյնալյանը նշեց, մենք կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու: Ըստ էության, նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, թե այդպես շարունակելու է մնալ: Այո, կրճատումներ լինելու են, բայց լինելու են այդ կրճատումները էվոլյուցիոն տրամաբանությամբ, և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատակից իր շանսն է ստանալու: Եվ մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, իհարկե՝ անկախ որևէ հարակից գործոններից»:
«Մենք իսկապես պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որպեսզի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը հասնենք որպես նպատակ: Դրա համար սա միջանկյալ լուծում է, որովհետև այդ խնդիրը մենք չենք լուծում ուղղակի նախարարությունները միացնելով և այդ խնդիրը մենք չենք կարող լուծել ուղղակի փակ աչքերով կրճատումներ իրականացնելու միջոցով: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը», - նշեց Նիկոլ Փաշինյանը: