ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախճանվել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը

Վախճանվել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը
09.03.2019 | 12:42

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո, 62 տարեկանում, կեսօրին վախճանվել է Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և ցավակցություն հայտնել Պատրիարքի կորստի կապակցությամբ։ 2008-ից Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։
Մեսրոպ Մութաֆյանը ծնվել է 1956-ի հունիսի 16-ին, Ստամբուլում։ Սովորել է Եսայան հայկական նախակրթարանում, ուսումը շարունակել է անգլիական վարժարանում։ Հոգևոր կրթություն է ստացել Երուսաղեմում, 1979-ին ձեռնադրվել է քահանա։ 1986-ին եպիսկոպոս է օծվել Ամենայն Հայոց Վազգեն առաջին կաթողիկոսի կողմից։ 1998-ին Գարեգին Խաչատուրյան Պատրիարքի վախճանից հետո եղել է տեղապահը, հոկտեմբերի 14-ին ընտրվել Պոլսո պատրիարքական աթոռի 84-րդ գահակալ։
2008-ից Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի ծանր հիվանդության հետևանքով առաջացած անգործունյա վիճակը համայնքի օրակարգ էր բերել նոր Պատրիարքի ընտրության հարցը։ Սակայն 10 տարի խնդիրն այդպես էլ չէր հանգուցալուծվել։
2010-ից Պատրիարքությունը ղեկավարում է Պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Չնայած համայնքից հնչող պահանջներին՝ թուրքական իշխանությունները չէին արտոնում նոր Պատրիարքի ընտրությունը՝ այն հիմնավորմամբ, թե Մեսրոպ Մութաֆյանը ողջ էր, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն, հետևաբար՝ ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկային։ Ըստ եկեղեցական կանոնադրության՝ Պատրիարքը պաշտոնավարում է ցմահ, հետևաբար՝ Մութաֆյան Պատրիարքի վախճանը ենթադրում է, որ առաջիկայում տեղի են ունենալու Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրություններ:

Դիտվել է՝ 358

Մեկնաբանություններ