Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահով կլուծվեն այն խնդիրները, որոնք կապված էին պատրիարքի ընտրությունների հետ:
«Մինչ այս` ընտրությունների հետ կապված համայնքում տարաձայնություններ կային․մի մասը կարծում էր, որ պետք է պահպանել Սահմանադրությունը, մինչև պատրիարքը չմահանար, նոր պատրիարք չընդունեին: Դրան կողմ էր նաև Թուրքիայի կառավարությունը, քանի որ իրենց կողմից նշանակված պատրիարքի փոխանորդի՝ Արամ Աթեշյանի միջոցով կարողանում էին իրենց ուզածն անել: Հիմա պատրիարքը մահացել է: Աստված նրա հոգին լուսավորի, բայց բոլոր խնդիրները, որ կային, հիմա տրամաբանորեն լուծված են համարվում»,- ասաց նա: Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության նշանակած, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ հիմա արդեն պատրիարքական ընտրությունների նախապատրաստական գործընթացն ընթանալու է իր բնականոն հունով: «Կազմելու են հանձնաժողով, առաջադրվելու են թեկնածուներ, և ընտրություններ են տեղի ունենալու:
Հնարավոր է՝ համայնքում լինի լարվածություն, բայց դա կապված է լինելու զուտ ընտրական գործընթացի հետ, ինչպես դա կլիներ 10-20 տարի առաջ կամ հետո»,- ասաց նա: Թուրքագետի կարծիքով` համայնքը խնդիրներ չի առաջացնի: Երբ Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի հետ կապված խնդիրներ առաջացան, համայնքը հանգստություն դրսևորեց: «Նա էլ հանգիստ հետ քաշվեց՝ ի բարօրություն Պոլսո պատրիարքարանի, որպեսզի թուրքական հասարակության կամ թուրքական մեդիայի «հերոս» չդառնա պատրիարքարանը»,- ասաց նա:
Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հնարավոր ընտրության վերաբերյալ նա նշեց, որ ինքը բազմիցս ներկա է եղել նրա պատարագներին և նկատել է, որ համայնքը ներկա է լինում, լսում է, հաղորդություն է ստանում. «Բայց ամեն դեպքում կա համայնքում մեծ զանգված, որ չի ցանկանում Աթեշյանին տեսնել պատրիարքի աթոռին՝ հաշվի առնելով, որ նա պետության կողմից է նշանակված: Դա մարդկանց դուր չի գալիս»: Անդրանիկ Իսպիրյանը նշեց` պետք է հաշվի առնել, որ պատրիարքի ընտրություններից հետո դեռ թուրքական կառավարությունն էլ պետք է հավանություն տա և հաստատի ընտրված թեկնածուին:
Ինչպիսի՞ն պետք է լինի Պոլսո պատրիարքը, պետք է համագործակցի՞ Թուրքիայի իշխանությունների հետ, Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ դա չանելն անիրատեսական է. «Սակայն կարելի է դրանով հանդերձ՝ հայ համայնքի համար շատ կարևոր գործեր անել, ինչպես արել են նախորդ պատրիարքները: Պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի հայ համայնքը չունի քաղաքական առաջնորդներ, համայնքի ղեկավար, ինչը շատ ցավալի է: Եթե նախկինում երջանկահիշատակ Հրանտ Դինքն էր այդ գործը անում՝ իր «Ակոս» շաբաթաթերթով, իր անձնական նախաձեռնությամբ, ներկայում նման ֆիգուր չկա։ Վերջին շրջանում «ծագած աստղը» Կարո Փայլանն է, սակայն նրան Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում` նա ընդդիմադիր քրդական կուսակցության անդամ է: Դրա համար պետք է, որ այդ գործառույթն իրականացնի պատրիարքը, ով նաև կհամագործակցի Թուրքիայի իշխանությունների հետ»,- ասաց նա՝ հավելելով, որ համայնքը պատրիարքը ընտրելիս հաշվի է առնելու, որ նա լինի ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհիկ կյանքում իրենց մասին հոգ տանողը, իրենց մասին մտածողը: