Ադրբեջանում մարտի 11-15-ը անցկացվող զորավարժությունները քանակով, մասշտաբներով նաև ներգրավված սպառազինությամբ աննախադեպ են` Tert.am-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը զորավարժություններում ներգրավել է այնպիսի զինտեխնիկա, որ առաջին անգամ է օգտագործվելու: Հարցին` ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանն այս զորավարժությունն անցկացնելով, նա ասաց, որ առաջին հերթին Ադրբեջանի յուրաքանչյուր զորավարժություն ՀՀ կողմից ընկալվում է որպես պատերազմի վտանգ, որովհետև պատերազմը հենց այնպես չի սկսվում, պատերազմը սկսվում է ուժերի կուտակումից: «Եթե պարզապես սկսեին ուժեր կուտակել, հայկական կողմի համար պարզ կլիներ, որ դրանք արդեն պատերազմի նախանշաններ են: Հիմա զինավարժության անվան տակ են կուտակվում, ինչն արվում է նրա համար, որ զգոնությունը թուլացնեն: Հնարավոր է՝ հենց այնպես չեն կուտակվում: Ես ասում եմ` աննախադեպ կուտակումներ են, այսպիսի զորավարժություններ ես չեմ հիշում վերջին մի քանի տարում»,- ասաց Վան Համբարձումյանը: Փորձագետը նշեց, որ շուտով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում է նախատեսվում, և հենց այդ հանդիպման շեմին զինավարժությունը, նոր զինատեսակների փորձարկումը, հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար է:
«Սա նրա համար է, որ ընդգծի Ադրբեջանի ռազմական առավելությունը, որ այդ ճնշումը գործադրվի, որ բանակցություններին հայկական կողմը ավելի ճնշված, ավելի «հնազանդ» լինի»,- ասաց Վան Համբարձումյանը: Նրա կարծիքով` զորավարժությունները մեծ վտանգ են և չի իմացվի, թե ինչ կարող է լինել հետո, մանավանդ` նախապես պլանավորված չեն եղել:
Վան Համբարձումյանը նշեց, որ հայկական կողմն անպայման պետք է մոբիլիզացիա հայտարարի: «Կամ գոնե պետք է պատրաստվեն մոբիլիզացիային, ուժերը պետք է բերվեն մարտական պատրաստվածության: Բացի դրանից, միջազգային հանրությանը պետք է միանգամից սկսել ահազանգել, արդեն հիմա է պետք, որ ՀՀ դիվանագիտական կորպուսն սկսի միջազգային հանրության մոտ այս մասին բարձրաձայնել, որովհետև սա շատ մտահոգիչ է»,- շեշտեց նա:
Նա կանխատեսում է զարգացումներ թե բանակցային ֆոնի վրա, թե ռազմաքաղաքական դաշտում: «Ինչ-որ նախանշանները կան, որ սպասվում են լուրջ զարգացումներ և մեր երկիրը պետք է պատրաստ լինի դրան»,- ասաց Համբարձումյանը:
Դիտարկմանը` վերջին շրջանում խոսվում է, որ սահմանային լարվածությունը նվազել է, նա նշեց, որ նվազել էր, քանի որ Արդբեջանը ողջ սահմանի երկայնքով իրականացնում էր ինժեներական աշխատանքներ, ամրապնդում էր սեփական դիրքերը: «Այդ առումով Ադրբեջանի հանրապետությանը ձեռք չէր տալիս սահմանային լարվածություն, որովհետև եթե հայկական կողմի հետ փոխհրաձգության մեջ մտնեին, ինժեներական աշխատանքները կատարելը հնարավոր չէր լինի»,- ասաց բանախոսը:
Համբարձումյանը հավելեց, որ բանացությունների սեղանի շուրջ ադրբեջանական կողմից մեծ «գրոհ» է ակնկալում: «Երբ Փաշինյանն ասում է բանակցությունները հանուն բանակցությունների են, ես դա լուրջ չեմ ընկալում: Ադրբեջանական կողմը չի նստում բանակցությունների հանուն բանակցությունների: Ես ակնկալում եմ մեծ ճնշում հայկական դիվանագետների վրա և չեմ բացառում, որ այդ ընթացքում որոշակի սահմանային սրացումներ կլինեն՝ հայկական կողմի վրա ավելի ընդգծված ճնշում գործադրելու համար: Այս զորավարժություններն արդեն ճնշում են»,- եզրափակեց նա: