Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող է փախչել Իսպանիա կամ Մոլդովա, եթե պարտվի նախագահական ընտրություններում` հայտարարել է Գերագույն Ռադայի «Պյոտր Պորոշենկո» խմբակցության պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն, որը խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել:
«Կարծում եմ, որ եթե Պորոշենկոն չհաղթի, կարող է փախչել երկրից: Ընտրություններից հետո նորընտիր նախագահի, ինչպես նաև հանրության մոտ նրան պատժելու մեծ պահանջ կձևավորվի»,- նշել է նա: Ըստ պատգամավորի, գործող նախագահը կարող է փախչել կամ Իսպանիա, որտեղ անշարժ գույք ունի, կամ Մոլդովա, որտեղ «ապրում է նրա բիզնես գործընկեր օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը»: Պատգամավորը շեշտել է, որ Պորոշենկոն պետք է պատժվի կոռուպցիայի համար: «Անկեղծ ասեմ, Պորոշենկոն արժանի է պատժի, նա թաթախված է կոռուպցիայի մեջ, նաև, լինելով Ուկրաինայի նախագահ, ծածկում է իր ընկերների կոռուպցիոն գործարքները: Ես այդ մասին գիտեմ, քանի որ անձամբ եմ շփվել Պորոշենկոյի հետ»,- եզրափակել է Լեշչենկոն: Պորոշենկոյի հնարավոր փախուստի մասին խոսել է նաև Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Լանովոյը: