Վենեսուելայի Ազգային ժողովն ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առաջարկով երկուշաբթի արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել երկրում՝ տարածքի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով, հայտնել է Agence France-Presse-ը:
«Երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվում այն աղետալի իրադրության պատճառով, որն ստեղծվել է էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների հետևանքով»,- գործակալությունը մեջբերում է արել խորհրդարանի որոշման տեքստից:
Գուայդոն դիմել էր Ազգային ժողովին երկրում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու առաջարկով, որպեսզի միջազգային օգնություն ապահովվի երկրի էներգահամակարգի վերականգնման համար: Իրեն երկրի ժամանակավոր նախագահ հայտարարած Գուայդոյի առաջարկած հրամանագիրը պարտավորեցնում է «Վենեսուելայի զինված ուժերին՝ համախմբել բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են (պետական էներգետիկական ընկերության) օբյեկտներն ու աշխատակիցներին պատշաճ պաշտպանելու համար»: