Տարածաշրջանում հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, և նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը` այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ բանակցություններից հետո:
«Իմ վրացի գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերը և հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև դրանց կարգավորման հիմքերը։ Իմ անձնական համոզմամբ՝ լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա», - ասաց Արմեն Սարգսյանը։ Նա նշեց, որ հայ-վրացական հարաբերությունների առանձնահատուկ զարգացումն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։ «Արդյունավետ եմ գնահատում տիկին նախագահի հետ ունեցած բանակցությունները։ Հայաստանը մշտապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության մթնոլորտի ձևավորմամբ և պահպանմամբ», - ասաց ՀՀ նախագահը: Նա նշեց, որ կարևորվել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքային, էներգետիկ և լոգիստիկ ծրագրերի իրականացման նշանակությունը։