ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե տպավորություն է, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում առողջապահական համակարգում:
«Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այդ տպավորությունը։ Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն», – գրել է նախարարը: Նա հավելել է, որ օգնություն չի ակնկալում նրանցից, բայց և թույլ չի տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում և «չի վարանի իրերը կոչել իրենց անուններով»: «Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ», – գրել է նախարարը: