ԱԽ նիստը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սպասումները չի արդարացրել․ «Մենք, ինչին որ սպասում ենք, Արցախի ժողովուրդը սպասում է, որ լիարժեք շեշտադրումը պետք է լիներ, այդ մասին ոչ մի բառ չասելով՝ եթե դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների»։
Ծառուկյանը կարծում է, որ Արցախի ապագայի հարցում իշխանություն - ընդդիմություն, Հայաստան - Սփյուռք պետք է համախմբվեն։ ԲՀԿ-ականները երեկ Ղարաբաղի դրոշներով էին դահլիճ մտնում` ակցիա էին իրականացնում՝ «Արցախը մենք ենք»։ Նրանց մտահոգել է ԵԱՀԿ միջնորդների վերջին հայտարարությունը, որը, ինչպես Ծառուկյանը որակեց, անընդունելի է։ «Ես կարող եմ գրել և ստորագրել՝ լուծումը միայն միասնականությունն է, որ պետք է մենք կարողանանք ինչ ունենք կրկնապատկենք, եռապատկենք՝ ուժեղի հետ են հաշվի նստում», - ասաց ԲՀԿ նախագահը։
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Փաշինյանի ելույթը բնորոշեց մտածված՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ուղղված հստակ շեշտադրումներով ու ուղերձներով: Ասաց, որ բանակցային սեղան ղարաբաղյան կողմի վերադարձի հարցում աջակցում են իշխանությանը, բայց մինչև հիմա այդ հարցով միջազգային հանրության հետ իշխանության տարած աշխատանքից գոհ չեն։ «Քանի դեռ միջազգային հանրության տարբեր հարթակներում, օրինակ` Յոհաննես Հանից սկսած մինչև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար կամ, չգիտեմ, այլ կառույցներում ներկայացուցիչներ, նրանք ևս չեն ասում, որ «բայց կարծում եմ երևի թե պետք է, որ Արցախը վերադառնա», հասկանո՞ւմ եք, երբ որ նրանք միակարծիք լինեն, Ադրբեջանին այլ տարբերակ չի մնա, որ ինքը համաձայնվի: Բայց որ սպասենք՝ Ալիևը պետք է ասի, Ալիևը երբեք չի ասի, որ «հա, թող վերադառնան», այսինքն՝ պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տանել միաժամանակ, որ բոլոր մայրաքաղաքներից մենք միանման ուղերձներ ունենանք», - նշեց Մարուքյանը։