ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արցախի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը

Արցախի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել ԼՂ խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը
14.03.2019 | 12:51

Երևանում մարտի 13-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ և նրա խնդրանքով ներկայացրել է Ադրբեջանի և Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը: Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է, խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994-ի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Մասիս Մայիլյանն ափսոսանք է հայտնել, որ հետագա տարիներին տեղի է ունեցել նահանջ այդ որոշումից՝ ընդունված կոնսենսուսի հիման վրա: Ստեփանակերտի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափը ոչ միայն ապացուցել է իր էֆեկտիվությունն, այլև ամենաարդյունավետն է, որն ապահովել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կնքումը: Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից բացի Մասիս Մայիլյանը կարևորել է նոր գաղափարների մշակումը՝ խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար: Արցախի ԱԳ նախարարը ասել է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն է՝ նշելով, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից Ադրբեջանի փաստացի հրաժարումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի առաջմղումը։


Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մարդասիրական հարցերին: Նշելով, որ ԵԱՀԿ անկյունաքարային սկզբունքն է համապարփակ անվտանգության ապահովումը, որը ներառում է ռազմաքաղաքական, տնտեսական, մարդկային հարթությունները՝ Մասիս Մայիլյանը ափսոսանքով փաստել է, որ կազմակերպությունը կենտրոնացել է գլխավորապես հակամարտության կարգավորման վրա։ Նախարարը ԵԱՀԿ գործող նախագահին կոչ է արել մարդկային հարթությունը չթողնել առանց պատշաճ ուշադրության։ Նա Միրոսլավ Լայչակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Ադրբեջանը չի դադարեցնում Արցախին մեկուսացնելու փորձերը, և այդ կապակցությամբ ԵԱՀԿ-ն որոշակի պատասխանատվություն է կրում, որ հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված՝ հանրապետության քաղաքացիները սահմանափակված չլինեն՝ իրենց հիմնարար իրավունքներն ու ազատություններն իրացնելու հարցում։ Մասիս Մայիլյանը նշել է միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Արցախ այցելությունների հարցի արդիականությունը: Ըստ նախարարի, նման այցերը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության խնդիրը ԵԱՀԿ և այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում գտնվելու կարևոր ազդանշան կդառնան:
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար:

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ