«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունում մի հարցի շուրջ երկու թևի են բաժանվել՝ հայտնի աղմկահարույց միջադեպից հետո հրավիրե՞լ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին խմբակցությունում «հաշվետվություն» ներկայացնելու, թե՞ ոչ։ Եթե մեծամասնությունը ուզում է բացատրություններ լսել, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել, և արդյոք Սանասարյանն անձամբ մասնակցել է «Զորաշենի» հովանավորչությանը և մրցակից ընկերությունից բիզնես խլելուն, ակտիվ փոքրամասնությունը, ի դեմս ՊՎԾ պետի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանի, որն այժմ պատգամավոր է, համաձայն չէ, և հակադարձում են, թե դրանով կնսեմացնեն կառույցի դերակատարումը։ Եթե ցույց տան, որ կասկածում են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցի ղեկավարին, դա կնշանակի, որ այլևս որևէ մեկը չի հավատա այդ կառույցին։ Թե որ կողմը կհաղթի այս պայքարում, դեռևս հայտնի չէ»: