Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Գյուղացին. Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ

Գյուղացին. Վիլյամ ՍԱՐՈՅԱՆ
15.03.2019 | 03:11

Սարգիս անունով մի մարդ կար, որ Հայաստանի Կուլթիկ գյուղից Ամերիկա եկավ 1908-ին, երբ ընդամենը երեսուն տարեկան էր:
Հաղթանդամ գյուղացի էր՝ խիտ ու խուռներամ մազերով ու տպավորիչ բեղերով: Կշռում էր շուրջ երկու հարյուր ֆունտ, բայց գեր չէր և ուներ դեմքի մելամաղձոտ արտահայտություն:
Կուլթիկում նա հեղինակավոր մեկն էր եղել, երբ արդեն ոչ մի հեղինակավոր մարդ չէր մնացել, և այնտեղ երջանիկ էր ապրել, ունեցել էր բազմաթիվ հայ, քուրդ, թուրք, արաբ, հրեա, հույն, բուլղարացի և այլ ազգերի ու ազգությունների բարեկամներ: Փոքր Ասիայում նա այդ մարդկանց հետ խոսել էր հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն, և երբ Կուլթիկից մեկնել էր՝ թողել էր բազում բարեկամներ:


Այս նոր երկիրը խառնափնթոր մի վայր էր, և չկար մեկը, որի հետ հնարավոր լիներ զրուցել: 1908-ին Նյու Յորքում հազվադեպ կարելի էր հանդիպել որևիցե մեկի, ով կարողանար հայերեն, քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն երեք բառ արտաբերել:
Մեկնեց Մասաչուսեթսի նահանգի Լին քաղաք, աշխատանքի անցավ կոշկի ֆաբրիկայում ու սկսեց կամաց-կամաց անգլերեն սովորել:
Ծանր աշխատանք էր, մանավանդ խոշորամարմին մարդու համար, որովհետև այնպիսի գործ չէր, որ աներ սրունքներով, ուսերով և իրանով, այլ պետք էր աշխատել մատներով, բազկի մի քանի մկաններով և աչքերով:


Կոշկի ֆաբրիկայում աշխատեց մեկ տարի, և նրա մենությունն օրըստօրե անտանելի դարձավ: Լինում փոքրաթիվ հայ ընտանիքներ կային, բայց նրանց չէր սիրում: Նրանք ամենևին նման չէին կուլթիկցիներին:
Մի երեկո հարբեց ու երբ երերալով թափառում էր փողոցներով, հանդիպեց հայ քահանայի: ՈՒ միասին քայլեցին դեպի հոգևորականի տուն:
-Որդյակ, նեղությանդ պատճառն ի՞նչ է,- հարցրեց քահանան:
-Մենա՜կ եմ,- հառաչեց գյուղացին:
-Աստված է քո հայրը,- ասաց քահանան:
-Դա լավ է, տեր հայր, բայց մենակ եմ,- ասաց գյուղացին:- Մեկը չկա, որի հետ կարողանայի զրուցել: Կուլթիկում ես բոլորին ճանաչում էի՝ թե քրիստոնյաներին և թե անհավատներին: Ա՜խ, տեր հայր, կյանքն այնքա՜ն հրաշալի էր Կուլթիկում:
-Քեզ հարկ է ամուսնանալ,-ասաց քահանան:
-Համաձայն եմ,-պատասխանեց գյուղացին:-Տեր հայր, ինձ համար մի գեղեցիկ աղջիկ գտիր, որ կարողանա ճաշ եփել, խոսել հայերեն և առնվազն մեկ այլ լեզվով՝ քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն, և ես կամուսնանամ հետը:


Քահանան գյուղացուն իր տուն տարավ և անկողին տրամադրեց:
Մեկ շաբաթ անց գյուղացին քահանայից նամակ ստացավ, որը կարդաց մի քանի անգամ:
Քահանան գրել էր, որ գյուղացու համար մի լավ աղջիկ էր գտել ու խնդրում էր իրեն այցելել: Գյուղացին ևս հիսուն անգամ կարդաց, թեպետ նամակը երկար չէր: Ապա հագավ իր լավագույն շորերն ու գնաց քահանայի տուն:
-Տեր հայր, աղջիկը կարո՞ղ է ճաշ եփել,- հարցրեց գյուղացին:- ՈՒզում եմ իմանալ՝ ճաշ եփել կարո՞ղ է: Այստեղի կերակուրներից ստամոքսս խիստ խանգարվել է: Աղջիկը եփել գիտե՞: Իսկ կարո՞ղ է երգել: Նա հիմա Ձեր տա՞նն է, տեր հայր:
-Ոչ, որդյակ, մեր տանը չէ: Մե՛նք պիտի իրենց տուն գնանք,- պատասխանեց քահանան:
Մեկ մղոն քայլելուց հետո հասան այն տանը, ուր ապրում էր աղջիկը:


Նվազագույնն ասելու համար հայտնենք, որ աղջիկը շատ տգեղ էր: Սրտաբեկ գյուղացին կանգնեց-մնաց, թեպետ իր կյանքում դժբախտ բաներ շատ էին պատահել՝ Կուլթիկի կորուստը, նաև բարեկամների կորուստը, կոշկի ֆաբրիկայի անպիտան աշխատանքը, համեղ կերակուրների կարոտը, գեղեցիկ երգի բաղձանքը: Եվ հիմա այս աղջիկը, որ, իհարկե, հայուհի էր և անտարակույս՝ ամենաազնիվ նկարագրի տեր ու թերևս կարող էր սքանչելի ճաշեր եփել ու միգուցե գեղեցկատես ձեռագործներ հյուսել, բայց այդուհանդերձ՝ ո՛չ, աղջիկն իրեն դուր չեկավ: Կարծես այդ աղջիկն իրեն ավելի մենավոր կդարձներ և իր սիրտը կծվատեր մենության հոգեվարքներով:
-Այստե՛ղ, այստեղ դիր գլխարկդ,- ասաց քահանան:-Նստենք: Քեզ դեռ չեմ ասել իր անունը՝ Էլիզար Իսկենդերյան:
Գյուղացին գլխարկը հանեց ու գլանակ վառեց:
-Հիրավի՞ այդ է անունը, տեր հայր: Հավատում եմ Ձեզ,- ապա դառնալով աղջկան, ավելացրեց,-ինձ համար շատ հաճելի է Ձեզ հետ ծանոթանալը:
-Դեռ պիտի ծանոթանաս հոր ու մոր հետ,- ասաց քահանան,- նրանք հարգարժան մարդիկ են:
-Դա երևում է, տեր հայր,- պատասխանեց գյուղացին:- Ճիշտ որ հարգարժան մարդիկ են, դա ապացուցում է այս սենյակը: Րոպե անգամ չեմ կասկածում, որ առաջնակարգ մարդիկ են:
Խոր շունչ քաշեց, կրկին նայեց աղջկան և ասաց.
-Ամենաառաջնակարգ մարդիկ են: Ների՜ր ինձ, տեր հայր:
Աղջկա հայրն ու մայրը ներս եկան ծանոթանալու ու հարցրին իր անունը:
-Սարգիս Խաչատուրյան, կուլթիկցի,- պատասխանեց նա:- Խլված եմ հայրենիքի ծոցից և տասնհինգ ամիս ի վեր Ամերիկայում եմ: Ինքս ինձ կորցրել եմ օտարության մեջ: Գերի եմ՝ թշվառ ու մենավոր: Ներողություն, տեր հայր, այս ի՜նչ խայտառակ երկիր է:
Աղջիկը հայկական սուրճ մատուցեց, որն անչափ անհամ էր: Ապա երգեց, որը շատ տգեղ հնչեց:


Աթոռին նստած գյուղացին տրտմորեն երազում էր հայրենիքի մասին: Հետո հանեց ոսկե ժամացույցն ու նայեց:
-Ներեցեք, ազգակիցներ,- ասաց,- շատ լավ ժամանակ անցկացրի, բայց պետք է գնամ: Աստված ձեզ պահապան: Բարի գիշեր:
Քահանան էլ հետը դուրս եկավ:
-Է՜հ, ինչպե՞ս էր,- հարցրեց քահանան:
-Տեր հայր, չեմ կարող նկարագրել, թե որքա՜ն դժբախտ եմ,-պատասխանեց գյուղացին:-Շատ լավ աղջիկ է, շատ համեղ սուրճ է պատրաստում, ձայնն էլ սոխակի է: Բայց, տեր հայր, մի փոքրիկ բան կա, որ տխրեցնում է ինձ: Ոչ, ես չէի ուզենա նրա հետ նույն հարկի տակ ապրել, նույն անկողնում քնել: Տեր հայր, դա անհնարին է:
-Կընտելանաս,- ասաց քահանան:
-Տեր հայր, չեմ ուզում ընտելանալ: Ներիր ինձ, ես շատ դժբախտ եմ,- պատասխանեց գյուղացին:
-Լոկ ժամանակի խնդիր է,-շարունակեց քահանան:- Կանցնի մեկ-երկու շաբաթ, մեկ-երկու ամիս, մեկ-երկու տարի, կունենաս մեկ-երկու զավակ և կտեսնես, որ ամուսնացած ես, զավակներ ունես, ու տարիները կանցնեն:
-Ներողություն, տեր հայր, երախտապարտ եմ ձեզ,- ասաց գյուղացին:- Օ՜, իր այդ փոքրիկ թերությունը: Ո՛չ, ոչ մեկ շաբաթ, ոչ երկու: Բարի գիշեր, տեր հայր:
-Գիշեր բարի, որդյակ,- պատասխանեց քահանան:

Կալիֆոռնիայից մի հայ եկավ, որին Սարգիս Խաչատուրյանը մի օր երեկոյան հանդիպեց սրճարանում: Միասին օղի խմեցին, ու մարդը Կալիֆոռնիայի մասին պատմեց:
-Ճիշտ ու ճիշտ Հայաստանի նման է՝ արև, խաղողի վազեր, մարգագետիններ, ձիթենիներ, թզենիներ, առուներ, կովեր:
-Կովե՞ր, ազգակից,- բղավեց գյուղացին:- Ասացիր կովե՞ր:
-Հարյուրներով,- պատասխանեց մարդը:
-Եվ աշխատանք, ի՞նչ աշխատանք,- հարցրեց գյուղացին:
-Ագարակի աշխատանք,- պատասխանեց մարդը:
-Արևի տա՞կ… Ես Կալիֆոռնիա կգնամ,- ասաց գյուղացին:
Եվ գնաց:

Կալիֆոռնիա հասավ օգոստոսին՝ ճիշտ խաղող հավաքելու ժամանակ: Այս գործն ավելի լավ էր, քան կոշկի ֆաբրիկայում աշխատելը: Բայց սա էլ իր վատ կողմերն ուներ:
Աշխատողները հնդիկներ, մեքսիկացիներ ու ճապոնացիներ էին՝ օտար ազգերի ներկայացուցիչներ: Ինքը զրուցել էր ուզում, այնինչ իրեն հասկացող չկար:
Աշխատանքի բնույթը հետևյալն էր՝ խաղողի ողկույզները ճյուղերից կտրել ու շարել փայտե արկղերի մեջ: Այդ վիճակով թողնել արևի տակ, մինչև որ խաղողը չորանալով չամիչ դառնար: ՈՒ երբ խաղողի մի կողմը չորանում էր, երկու աշխատող գնում էին շարքի ծայրը և հերթով արկղերը վերցնելով՝ շուռ էին տալիս մյուս արկղի վրա, որպեսզի արևից խաղողի մյուս կողմն էլ չորանար:
Այս գործը հաճելի չէր կատարել մեկի ընկերակցությամբ, ում հետ հնարավոր չէր զրուցել: Ողբալի բան էր ժամերով արկղեր շրջելը որևէ մեքսիկացու հետ:
Ամբողջ ամառ այս գործն էր անում, իսկ ձմռանը հող էր հերկում ու վազերը խնամում: Կիրակի օրերին քաղաք էր գնում: Մերի Փոսթ փողոցում գտնվող հայկական սրճարան էր մտնում, օղի ու սուրճ խմում, սկյամբիլ ու նարդի խաղում և զրուցում ազգակիցների հետ: Նրանք բոլորը մարդիկ էին, որոնց նոր էր հանդիպել Կալիֆոռնիայում:

Մի կիրակի, երբ գյուղացին արճարանում էր, մի մարդ ներս մտավ: Անունը Արշակ Թոմբալյան էր, և ինքն էլ կուլթիկցի էր: Արշակ Թոմբալյանը հայրենիքից էր ճանաչում Սարգսին: Այնտեղ նրանք խոսել էին մեկմեկու հետ: Հանդիսավորությամբ միմյանց ձեռք սեղմեցին ու համարյա լաց եղան:
-Ա՜խ, Սարգիս եղբայր, ինչպե՞ս ես,- հարցրեց Արշակը:
-Լավ եմ, Արշակ եղբայր,- տրտմորեն պատասխանեց Սարգիսը:- Իրոք լավ եմ: Դու՞ ինչպես ես:
-Ա՜խ, շատ լավ եմ, սիրելի եղբայր,- ասաց Արշակը:-Ամերիկան հավանու՞մ ես, իմ կուլթիկցի բարեկամ:
-Ա՜հ, հավանու՞մ եմ, արդյոք, Ամերիկան: Է՜հ, ի՞նչ ասեմ, գնա-արի և անծանոթ մարդկանց հետ արկղեր շուռ տուր,- պատասխանեց Սարգիսը, ապա շարունակեց,- այդ է, էլի, գնա-արի և անծանոթ մարդկանց հետ արկղեր շուռ տուր: Եղբայր, ի՞նչ իմանամ նրանք ովքեր են: Նախկինում նրանց չեմ տեսել: Ո՞վ գիտե ինչ ազգից են, ինչ լեզվով են խոսում: Գնա-արի և անծանոթ մարդկանց հետ արկղեր շուռ տուր:

Կալիֆոռնիա հասնելուց մեկ տարի անց Սարգիս Խաչատուրյանն ամուսնացավ: Աղջիկը թեպետ ավելի նվազ պատվարժան ընտանիքից էր, քան Լինի աղջիկը, բայց ավելի թմբլիկ էր, ավելի թուխ և ավելի սիրուն: Հաջորդ տարի կինը նրան արու զավակ պարգևեց:
Սարգիսը չարքաշ աշխատեց ու երեք հարյուր դոլար կուտակեց: Այդ գումարը որպես կանխավճար տվեց տասը ակր այգու դիմաց: Եվ սեփական ագարակի տեր դարձավ: Արդեն ուներ երկու ձի, մի կով, տուն, լավ կին ու մի արու զավակ:
Ինչպես կասեր քահանան, մեկ զավակը դարձավ երկու, երկուսը՝ երեք, երեքը՝ չորս: Օրեր, ամիսներ, տարիներ անցան, և ինքը զավակներ ունեցավ: Ամեն բան լավ էր: Չէր կարող ասել, թե լավ չէր, բայց չգիտեր էլ:


Հարստացավ: Իր տասը ակր այգին դարձրեց երեսուն, ապա քառասուն ու վերջում՝ հիսուն: Երբ փող էր վաստակում, նոր հողեր էր գնում, հերկում, տնկում, խնամում, ջրում ու հնձում:
Նոր տուն կառուցեց և էլեկտրականություն անցկացրեց: Գնեց մագնիտոֆոն և ավտոմեքենա: Կնոջն ու երեխաներին տանում էր քաղաք պաղպաղակ ուտելու, հյութ խմելու ու կինոթատրոն այցելելու:
Տարիներ անցան: Ավագ որդին քոլեջ ավարտեց: Եվ գյուղացին՝ դահլիճում նստած, տեսավ որդու վկայական ստանալն, ու աչքերն արցունքով լցվեցին: Դուստրն էլ քոլեջ ավարտեց, և գյուղացու աչքերը կրկին արցունքով լցվեցին:
Ամեն բան լավ էր: Գիտեր, որ այս ամենը հրաշալի էր:
Անդրանիկ զավակն ամուսնացավ Կալիֆոռնիայում ծնված հայ աղջկա հետ և իր համար մի փոքրիկ այգի գնեց: Հարսանիքին իսկական հայկական, թրքական ու քրդական երգ-երաժշտություն նվագեցին: Այդ ամենը սքանչելի էր:
Երկրորդ որդին ոչ միայն քոլեջ, այլև Բերքլիի համալսարանն ավարտեց: Սա փառահեղ բան էր:


Ամեն ինչ հրաշալի էր: Կյանքի և աշխարհի մեջ շատ փոփոխությունների ականատես եղավ՝ հեռախոս, ավտոմեքենաներ, փոշեկուլներ, հովահարիչներ, լվացքի մեքենաներ և էլեկտրական սառնարաններ, որդիների ու դուստրերի անգլերեն խոսելը, գրելը և շատ բաներ յուրացնելը: Մե՜ծ դար էր, սքանչելի ժամանակներ էին:
Բայց դարձյալ ինչ-որ տխուր մի բան կար, որ գյուղացին չէր հասկանում: Կուլթիկում էլ էր ամեն բան լավ: Այնտեղ ամեն ոք գիտեր ում հետ է խոսում: Արաբը արաբ էր, թուրքը՝ թուրք, քուրդը՝ քուրդ: Ամեն ոք ճանաչում էր իր զրուցակցի դեմքը, աչքը, քիթը և անգամ հոտը: Կուլթիկը հայրենիք էր: Մարդ խոսում էր և գիտեր ում հետ է զրուցում: Իսկ Ամերիկան… Գյուղացին չէր կարող մոռանալ Ամերիկայում իր տեսածը:
Երբեմն հեղինակավոր հայեր՝ մտավորական մարդիկ, այցելում էին նրան և սուրճ խմելիս խոսքի մեջ հարցնում.
-Է՜հ, ազգակից, Ամերիկան հավանու՞մ եք:
Գյուղացին նայում էր ծանոթի դեմքին, աչքերի մեջ ու պատասխանում.
-Ի՞նչ ասեմ, գնա-արի և անծանոթ մարդկանց հետ արկղեր շուռ տուր…


Թարգմանությունը՝
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆԻ

Դիտվել է՝ 83439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ