Ստամբուլում հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը կսկսվի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքից հետո: Նա ասել է.
«Պոլսո պատրիարքի աթոռի թեկնածուների մի մասը նախորդ անգամ հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Հիմա էլ դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա: Մինչև թեկնածուների առաջադրվելը նախ նամակ պետք է ուղարկվի նրանց՝ պարզելու համար, թե կմասնակցեն ընտրություններին: Իսկ մինչ այդ պետք է Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունները լինեն: Կրոնական ժողովը պետք է տեղապահ ընտրի, և այդ տեղապահը պետք է կազմակերպի ընտրությունները»,- ասաց նա: Դիտարկելով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի թեկնածությունը՝ Բագրատ Էստուկյանը նկատեց՝ նա իրեն արդեն «մաշել է» վերջին զարգացումների ժամանակ: «Բայց նա էլ իր կողմնակիցներն ունի»,- ասաց նա:
Մեկ այլ հավանական թեկնածուի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանին՝ Բագրատ Էստուկյանը համարեց խոստումնալից թեկնածու: Նա նշեց, որ հավանաբար Սեպուհ Չուլջյանը գնալու է Ստամբուլ և փորձելու է իր համակիրների հետ հանդիպել: «Կարծում եմ՝ մրցակցությունը կլինի այս երկուսի միջև»,- ասաց նա:
Պոլսահայ խմբագրի կարծիքով` ՝ Թուրքիայի իշխանությունները կփորձեն միջամտել ընտրական գործընթացին, աջակցել իրենց ցանկալի թեկնածու Արամ Աթեշյանին: «Բայց ժողովուրդն է, որ պետք է որոշի՝ ում ընտրի»,- ասաց նա: Թուրքիայի իշխանությունները, այնուամենայնիվ կարող են խոչընդոտներ, սահմանափակումներ ստեղծել թեկնածուների համար, որ կարող է մեծ աղմուկ առաջացնել: «Կարող են ասել, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն Թուրքիայում ծնված և ծառայած հոգևորականները: Իսկ դա արդեն խնդիր է: Եթե նման բան պարտադրվի, արդեն տեղի ունեցողը ընտրություն անվանել չենք կարող»,- ասաց նա:
Հայ համայնքը, ըստ Բագրատ Էստուկյանի, հիմա պատրիարք ընտրելով, ցանկանում է իր արժանապատվության հարցը լուծել: «Հայի արժանապատվությունը բարձր պահող պատրիարք պետք է ունենանք: Այսինքն՝ կառավարության, մամուլի առջև հայի արժանապատվությունը բարձր պահող պատրիարքի կարիք ունենք»,- ասաց նա: