«Ժամանակը» գրում է, որ իր տեղեկություններով՝ մոտ ժամանակներս բողոքի լուրջ ցույցեր, նույնիսկ անհնազանդության ակցիաներ են սպասվում՝ կապված «վիճակախաղերի» մասին օրենքում փոփոխությունների նախագծի հետ, որով խիստ սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների ֆիզիկական ներկայությունը։ Թերթի աղբյուրները պնդում են, որ նոր իշխանությունների նման քայլերի հետևանքով հազարավոր մարդիկ կամ կդառնան գործազուրկ, կամ կկորցնեն եկամտի կայուն աղբյուրը, խոսքը ոչ միայն այդ գրասենյակներում աշխատողների, այլև վարձակալությամբ բուքմեյքերականներին տարածքներ հանձնած մարդկանց մասին է։ Փոփոխությունների արդյունքում, գրում է թերթը, պետությունը կկրի ոչ միայն հսկայական նյութական վնաս` ի դեմս լիցենզիայի գումարի, սոցվճարների, գույքահարկի և այլն, այլև հազարավոր մարդիկ կդառնան գործազուրկ, չի լուծվի գլխավոր խնդիրը` խաղադրույք կատարողը կշարունակի խաղալ, բայց դա կանի բացառապես համացանցի միջոցով։ Թերթի աղբյուրները պնդում են, որ մի քանի բուքմեյքերականների աշխատողներ ցանկանում են ծայրահեղ քայլերի դիմել հենց այսօր, բայց նրանց ղեկավարներին դեռևս հաջողվում է կանխել, սակայն թերթի հետ զրույցում փոխանցել են, որ երկար զսպել չեն կարող, մարդկանց օրվա հացն է վտանգված. խոսքը մոտավոր հաշվարկով 6000 մարդու մասին է»: