ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը կարծիքով, Ղարաբաղը մարզի կարգավիճակով Հայաստանի կազմում ներառելու «Սասնա ծռերի» նախաձեռնությունը այս պահին վտանգ է հայոց պետականությանը: «Սասնա ծռերը» վստահ են, որ գաղափարը արցախցիների սրտով է: Նաև հուսով են, որ այս գործընթացին կօժանդակեն այսօրվա հայաստանյան իշխանությունները:
Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը չի կարծում, թե մեծամասնության արձագանքը դրական կլինի. «Երբ Արցախը կճանաչվի միջազգային հանրության կողմից, երբ համապարփակ կկարգավորվի հակամարտությունը, այն ժամանակ կտեսնենք: Հիմա ի՞նչ ենք անում, ի՞նչ հարց ենք լուծում ռազմավարական»: Նա ՍԾ-ի հայտարարությունները կապում է Ղարաբաղում հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Կուսակցությունը հայտարարել է, որ պաշտոնապես գրանցվել են նաև Լեռնային Ղարաբաղում և նպատակ ունեն մինչև 2020-ը իշխանափոխություն իրականացնել: Եթե չստացվի, կմասնակցեն ընտրություններին: «Ուզում են գան, մարդկանց հետ հանդիպեն, որովհետև շատ քիչ համախոհներ ունեն․․․ սա պարզ է, հասկանալի է: Ես կարծում եմ, նախընտրական շրջանի հետ է ավելի շուտ կապված: Բնական է, հայոց ընդհանուր պետության գաղափարը բոլորիս համար էլ լավ է, բայց դա չի նշանակում այս ձևով»: