Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորհուրդ է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում տեղական ինքնակառավարումը հանձնել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությանը, գրում է turktime.com կայքը։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ՏԻՄ ընտրություններում «Գորշ գայլեր» ազգայնական շարժման քաղաքական թևը համարվող «Ազգային շարժման» հետ համագործացության շրջանակում, Կարսում և Իգդիրում հրաժարվել է թեկնածուներ առաջադրելուց՝ տեղը զիջելով ազգայնականների թեկնածուներին, որոնք փաստացի դարձել են երկու ուժերի միասնական թեկնածուներն այդ նահանգներում։ Gazete Duvar կայքին հարցազրույցում թուրք պաշտոնյաներից մեկը, որի անունը չի բացահայտվում, հայտնել է, որ իշխող կուսակցության նման ընտրությունը պատահական չէ, և Իգդիրում ու Կարսում տեղական ինքնակառավարումը ազգայնականներին հանձնելու առաջարկն Էրդողանին արել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։ ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում մարտի 31-ին են։