Աղքատության նպաստների համակարգը պետք է մանրամասն ուսումնասիրության ենթարկվի` ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե մարդը նպաստառու է և ամիսը մեկ միլիոն դրամ վարկ է փակում, այդտեղ ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ: Բայց հնարավոր է, որ 100 կամ 200 հազար դրամ վարկ է փակում մարդը: Հարցը հետևյալն էր, որը ես էի հնչեցնում, հնարավո՞ր է, որ մենք չարաշահման հետ գործ չունենք: Կոնկրետ ընտանիքի օրինակով ես Ռանչպար գյուղում տեսել եմ, որ ընտանիքը կարող է լինել նպաստառու, բայց ինչ-ինչ հանգամանքներով ստիպված լինի ամիսը 100 կամ 200 հազար դրամ վարկ փակել: Հիմա հարց, 300 կամ 500 հազարի դեպքում դա այդպե՞ս է, պետք է ուսումնասիրել»,- ասաց նա: Ըստ վարչապետի՝ եթե մարդը Երևանի կենտրոնում տուն է գնել, հիպոթեք է փակում և ուզում է, որ կառավարությունն իրեն աղքատության նպատ տա, դա չի կարող լինել:
«Բայց դա չի նշանակում, որ մենք ուզում ենք փակ աչքերով մարդկանց ինչ-որ բանից զրկել, ընդհակառակը, մենք ուզում ենք համակարգը արդյունավետ դարձնել: Հայաստանում ինչ տեղի ունենա, պետք է լայն քննարկումների արդյունքում տեղի ունենա»,- ասաց նա: