«Հիմա այդ հարցը շատ են տալիս՝ բա ինչի՞ Սերժ Սարգսյանը նստած չի: Ու էդ հարցն ինձ ա ուղղված: Որովհետև ես չեմ որոշում, ով նստի, ով չնստի: Քրեական գործի նախաքննությունն է որոշում՝ ով նստի, ոչ չնստի: Սա շատ կարևոր նրբություն է»` ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քրեական գործեր կան, կքննվեն, եթե պարզվի, որ ինչ-որ մեկը պետք է նստի, կնստի: Հարցին, թե նախկին պաշտոնյա կոռուպցիոներներից որքա՞ն գումար է հետ բերվել՝ բանակին հատկացնելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դժգոհ է գործընթացի ծավալներից: Ավելի վաղ նա ասել էր, որ 2.5 մլրդ դոլար է առաջիկա տարիներին հատկացվելու բանակին, որը պետք է կոռուպցիոն գործերով հետ բերվի:
«Ասել եմ, որ դա հինգ տարում պետք է ապահովվի: Այն, ինչ փոխանցվել է, հրապարակային ասվել է: Մի շարք գործերով նախաքննություններն ընթացքի մեջ են, այդ գործերը 60 միլիարդի սահմաններում են: Մի մասով նոր է քրեական գործ հարուցվել, մի մասով գործերն ընթացի մեջ են: Բայց այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է՝ ավելի լավ է կամավոր վերադարձնեն»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ որոշ դեպքերում ասում են, որ դա քաղաքական հետապնդում է: «Ես այդ ամենին այսպես եմ արձագանքում: Ես վարչապետ եմ, մեկ տարի է վարչապետ եմ, երբ ես վարչապետ եմ եղել, իմ հայտարարագիրը հրապարակված է, բոլորդ կարող եք տեսնել, թե ես եւ իմ ընտանիքի անդամներն ինչ գույք ենք ունեցել: Հիմա, նրանք, ովքեր որոշ դեպքեր համարում են քաղաքական հետապնդում, ասում են, որ նորմալ կլինի, որ մեկ տարի հետո պարզվի, որ իմ որդին միլիոնատեր է: Նրանք ասում են, որ եթե 1 տարի կամ 5 տարի հետո իմ զավակը ճամպրուկով փող տանի մի հատ բանկ, հաշվեհամար բացեք, դա նորմալ բան է»,- նշեց նա:
Փաշինյանն անդրադարձավ նաև իր տիկնոջ` Աննա Հակոբյանի գործունեությանը՝ նշելով, որ երկրի ղեկավարի տիկինները մշտապես ունեցել են իրենց համար նախատեսված սենյակներ: Խոսելով Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամների մասին՝ նա հայտնեց, որ դրանց ստեղծման նախաձեռնողներից մեկը հենց ինքն է եղել, քանի որ խնդիրներ էին առաջացել նախկին հիմնադրամների փակվելու հետ կապված: «Ինձ համար Աննայի գործունեությունը կարևոր է նաև հանրային կյանքում կանանց դերի բարձրացման առումով: Ես համոզված ասում եմ, որ 2018-ի հեղափոխությունում վճռական նշանակություն ուներ երկու գործոն՝ մեկը երեխաների, մյուսը՝ կանանց ներգրավվածությունը, և սրանք իրար հետ փոխկապակցված են: Տրամաբանական շարունակությունն այն է, որ մենք բոլոր ոլորտներում պետք է քաջալերենք կանանց ներգրավվածությունը՝ տնտեսության, հանրային ու քաղաքական կյանքում»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ օգտվում է 2008 -ին Սերժ Սարգսյանի համար գնված ծառայողական ավտոմեքենայից: Խոսելով ընտանիքի ծախսերի մասին՝ նա հայտարարեց, որ իր ընտանիքն ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում՝ որոշ արարողակարգային անհրաժեշտություններ հաշվի առնելով: