Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ պարզվել է «Հայինկասացիա»-ից առանձնապես խոշոր չափերով առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Մարտի 18-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Շիրակ» մասնաճյուղ տեղափոխվող 20 հազար ԱՄՆ դոլար գումարը աշխատանքային օրն ավարտվելու պատճառով չի հանձնվել բանկին, և սահմանված կարգի համաձայն՝ պահվել է «Հայինկասացիա»-ի Գյումրու բաժնի պահոցում: Հաջորդ օրը, երբ նշված գումարը կնքված պարկով հանձնվել է բանկի «Շիրակ» մասնաճյուղ, պարկը բացելուց հետո պարզվել է, որ 9 միլիոն 700 հազար դրամին համարժեք 20 հազար ԱՄՆ դոլար գումարը հափշտակվել է, իսկ գումարի փոխարեն պարկի մեջ դրվել են մեկ այլ բանկի անվամբ դրամի կապոցների պիտակներ: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը` նա «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցն է՝ վարորդը, որ Գյումրիի բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել, որ նա մարտի 20-ին՝ ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Հայաստանից: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: