ՊՆ վարչական համալիրում սկսվել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ: Նա ներկայացրել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: