ԱՄՆ-ի՝ Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու մտադրությունն այն դեպքում, երբ Ղրիմի բռնակցման համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, երկակի չափանիշների քաղաքականություն չէ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն բրիտանական Sky News հեռուստաալիքին հարցազրույցում:
Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքն Իսրայելի մաս ճանաչելու անհրաժեշտության մասին հայտարարությունը համարել է «իրերի իրական դրության և անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի ճանաչում, որն անհրաժեշտ է Իսրայելի պաշտպանության համար»: Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի մտադրությունները «բարի» են և որ նախագահ Թրամփի որոշումը կընդլայնի տարածաշրջանում կայունության հաստատման հնարավորությունները:
Մինչդեռ ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը նախկինի պես Գոլանի բարձունքն Իսրայելի մաս չի ճանաչում, իսկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գոլանի բարձունքի կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշման ուղղակի խախտում կլինի: