Ավելի քան 5 մլն մարդ ստորագրել է խնդրագիրը, որը Միացյալ Թագավորության կառավարությանը կոչ է անում հրաժարվել բրեկզիտից` գրում է The Guardian-ը:
Ստորագրողների ստույգ թիվը 5,3 մլն է: Արդյունքում այն դարձել է երբևէ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հայտնված ամենահայտնի խնդրագիրը: Նախկինում այդ ռեկորդը պատկանում էր 2016-ին ներկայացված խնդրագրին, որը կոչ էր անում բրեկզիտի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել` խնդրագիրը ստորագրել էր ավելի քան 4 մլն մարդ: Մարտի 23-ին մոտ մեկ միլիոն մարդ դուրս է եկել Լոնդոնի փողոցներ՝ պահանջելով իշխանություններից Մեծ Բրիտանիան թողնել ԵՄ կազմում: Ակցիայի մասնակիցները ծածանել են ԵՄ դրոշը: