Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության խնդիրը մեկնաբանելիս ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը փոխում է` հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը: «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-ասել է նախարարը: «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,-ասել է Տոնոյանը: Նախարարը հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ամերիկահայերին ներկայացրել է նաև բանակում տիրող իրավիճակը: Նրա խոսքով՝ բանակում մահացության աստիճանը պետք է ամեն կերպ կրճատել, չնայած, իսպառ վերացնել հնարավոր չէ. «Անխուսափելի է, զենքով են, երիտասարդ են»: Նախարարն ընդգծել է՝ կարևոր է պայքարել կրիմինալ բարքերի դեմ, որոնց դրսևորումներից մեկը բացահայտվել էր Մեղրիի զորամասերից մեկում. «Զորամասում այնքան էին լկտիացել, որ կանեփ էին աճեցնում»: